Սմբատ Բյուրատ․Կենսագրություն

Ծնվել է Զեյթունում, կրթությունը ստացել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880 թվականին, վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն։ Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1880 թվականից սովորել է Սորբոնի համալսարանում։ 1885 թվականին Սիս քաղաքում բաց է արել վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896 թվականի կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս, Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա՝ «Նոր օր»։

1907 թվականին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910 թվականին։ 1909-1910 թթ. հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա՝ ծավալուն վեպեր՝ «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-1912 թթ.։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։

Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես՝ «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով։

1997 թվականին Երևանի №125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով։

Սպանվել է 1915 թվականին Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-1932 թվականներին[